Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը Ռուսաստանին մեղադրել է Ղրիմ ներխուժելու ու օկուպացիայի համար: Այս մասին նախարարը գրել է իր Facebook-յան էջում:

«Դա ինքնիշխան պետության տարածքում զինված արյունահեղությանն ուղղված սադրանք է: Առայժմ ուղղակի զինված բախում չկա, պետք է խոսեն դիվանագետները»,-հայտարարել է Ավակովը: Նա հավելել է, որ տեղի ունեցողն արդեն իր ղեկավարած գերատեսչության կոմպետենտության շրջանակներից դուրս է եւ ԱԱԽ ու ՊՆ լիազորությունների շրջանակում է:

Ավակովի խոսքով՝ փետրվարի 28-ի գիշերը ինքնաձիգներով զինված ռուս զինվորականները ժամանել են Սեւաստոպոլի եւ Սիմֆերոպոլի օդանավակայաններ: Սեւաստոպոլի «Բելբեկ» օդանավակայանը արգելափակված է Ռուսաստանի ռազմածովային ուժերի զինծառայողների կողմից, մինչդեռ «Սիմֆերոպոլ» օդանավակայանն աշխատում է նորմալ ռեժիմով:

Երկու օդանավակայաններում ռուս զինվորականների հետ գտնվում են նաեւ Ուկրաինայի ՆԳՆ աշխատակիցները, սակայն նրանց միջեւ որեւէ բախում տեղի չի ունեցել, զենք չի կիրառվել: Ավակովը հավելել է, որ ռուս զինվորականները հրաժարվում են բանակցություններ վարել ուկրաինական կողմի հետ՝ հայտարարելով, որ դրա լիազորությունը չունեն: