Հայաստանի Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը համոզված է, որ մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսի նախաձեռնած հանրահավաքին կմասնակցի առնվազն 200-300 հազար մարդ, որովհետեւ հասարակությանն այսօր հետաքրքրում է` արդյոք երկրի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը կդիմի՞ կտրուկ քայլերի, թե ոչ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գլխավոր մարքսիստ Դավիթ Հակոբյանը:
«Հասարակությունը 70-ամյա Լեւոն Տեր-Պետրոսյանից սպասում է երեք հարցի պատասխանի. Արդյոք Հայաստանի առաջին նախագահը կդառնա՞ ազգի համախմբման գլխավոր առանցքը, կբարձրացնի՞ ապստամբության դրոշը, եւ կառաջարկի՞ նոր տնտեսական համակարգ»,- ասաց նա:
Լեւոն Տեր-Պետրոսյանի` մարտի 1-ին հարթակ բարձրանաըւ եւ մեղադրական ճառ կարդալը, Դավիթ Հակոբյանը որակում է «համարձակ քայլ». «Ողջունում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի համարձակ քայլը, սակայն հորդորում եմ նրան ոչ թե սգո ողբերգակի դեմք ընդունել, այլ տալ այն ճանապարհը, որով մենք պետք է սրբագրենք մեր քաղաքական եւ տնտեսական ձեռագիրը»:
Գլխավոր մարքսիստը մարտի 1-ին լինելու է Ազատության հրապարակում` կանգնելու նախկին ՀՀՇ-ականների կողքին: Հանրահավաքին մասնակցելու պատճառները մի քանիսն են:
«Գնում եմ ոչ միայն հասարակության քաղաքական զարկերակը շոշափելու համար, այլեւ հարգանքի տուրք մատուցելու քաղաքական թոհուբոհի մեջ նահատակված մեր երիտասարդներին: Իսկ ամենակարեւոր պատճառն այն է, որ գնում եմ` ստուգելու արդյոք իրենց ընդդիմություն հայտարարած եւ համատեղ գործող խորհրդարանական չորս ուժերն այդ օրը լինելու են Ազատության հրապարակում»,- նշեց Դավիթ Հակոբյանը` ավելացնելով, որ դեռ չի որոշել` ելույթ կունենա, թե ոչ:
Նշենք, որ մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսն Ազատության հրապարակում, իսկ Ազատամարտիկների ընդլայնված խորհուրդը` Սարյանի այգում կազմակերպում են հանրահավաք` հարգելու 2008թ. նախագահական ընտրություններից հետո ցուցարարների եւ ուժայինների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհված 10 քաղաքացիների հիշատակը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























