Հայաստանի նախագահի նստավայրում, այսօր՝ փետրվարի 28-ին, տեղի է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի հրաժեշտի արարողությունը:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ մինչ այդ տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում երկու երկրների նախագահներն ամփոփել են Նախագահ Մարգվելաշվիլիի այցի շրջանակներում կայացած բանակցությունների արդյունքները, որոնք, կողմերի համոզմամբ, նոր ազդակ կհաղորդեն հայ-վրացական բարեկամական հարաբերությունների զարգացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության խորացմանը:
Վրաստանի նախագահն այսօր կայցելի նաեւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, հանդիպում կունենա Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանի հետ աշխատանքային ճաշից հետո, Վրաստանի նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հայաստանից:




























