ՌԴ Պետդուման անհրաժեշտության դեպքում պատրաստ է ցանկացած պահի հավաքվել՝ Ուկրաինայի իրադրության հարցով հատուկ նիստ անցկացնելու համար: Այս մասին հայտարարել է Պետդումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը:
«Եթե պետք է, մենք կհավաքվենք ցանկացած պահի», - ասել է Նարիշկինը:
Խոսնակը նաեւ նշել է, որ մի խումբ ռուս պատագամավորներ Ուկրաինայում են`«իրավիճակն անկողմնակալ գնահատելու համար»:
Ընդ որում, ըստ Պետդումայի փոխխոսնակ Ալեքսանդր Ժուկովի, Ուկրաինայում իրավիճակի կապակցությամբ Պետդումայի հատուկ նիստ անցկացնելու վերաբերյալ որոշումը կայացվելու է այնտեղից ռուս խորհրդարանականների վերադառնալուց հետո:
Նշենք, որ ներկայումս Ուկրաինայում են գտնվում «Սպրավեդլիվայա Ռոսիայի» առաջնորդ Սերգեյ Միրոնովը եւ Դաշնության խորհրդի պատվիրակության անդամները:
Հավելենք, որ ավելի վաղ Նարիշկինը հայտարարել էր, թե Ուկրաինայում իշխանության օրինականությունը պետք է ստուգի Վենետիկի հանձնաժողովը:



























