«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կարող է ներկա լինել մարտի 1-ին Երեւանում կայանալիք հանրահավաքին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 28-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ նշել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:
«Տեղեկություններ կան, որ Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցելու է այդ հանրահավաքին: Ես միանշանակ ներկա եմ լինելու»,-ասել է Հակոբյանը:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նույն հարցի առնչությամբ նշել է, որ անձամբ ինքը այդ հանրահավաքին ներկա չի լինելու:
Հիշեցնենք, որ 2008թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հավաքվել էին Ազատության հրապարակում եւ պահանջում էին ընտրությունների վերանայում: Նրանք 10 օր շարունակ շուրջօրյա հանրահավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին, իսկ նույն օրը երեկոյան իշխանությունները հրազեն կիրառեցին անզեն ցուցարարների դեմ: Ցուցարարների եւ եւ ուժայինների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի, այդ թվում երկու ոստիկան: Արդեն 6-րդ տարին անընդմեջ ՀԱԿ կողմնակիցները հավաքվում են Ազատության հրապարակում` հարգելու զոհերի հիշատակը: Մինչ օրս 10 զոհերի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























