Հայ ազգային կոնգրեսն իր գերեզմանն է փորում, եթե խորհրդարանում առաջարկում է  մարտի 1-ի հանձնաժողով ստեղծել: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Հայաստանի մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը:

«Ստալինն ասել է. «Եթե մի գործ ուզում ես վիժեցնել, ստեղծիր հանձնաժողով»: Հիմա եթե ՀՀՇ-ն, ես իրենց որպես ՀԱԿ չեմ ընդունում, հանձնաժողով ստեղծելու առաջարկ է անում, ապա իր գերեզմանն է փորում»,- ասել է նա՝ անդրադառնալով ՀԱԿ-ի` մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությանը:

Դավիթ Հակոբյանին զարմացնում է նաեւ, որ խորհրդարանական չորս ոչ կոալիցիոն ուժերը միավորվել եւ համատեղ առաջարկներ են անում. «Հայաստանում այսօր իրարամերժ ընդդիմություն է միայն «Ժառանգությունն» ու «ՀԱԿ»-ը, որովհետեւ նույն Րաֆֆի Հովհաննիսյանը ժամանակին չկանգնեց Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին, իսկ ԲՀԿ-ից եւ ՀՅԴ-ից ի՞նչ ընդդիմություն: Իրենք հաստատ ընդդիմություն չեն, եւ եթե իշխանափոխության պահանջ դրվի, այս երկու կուսակցությունները չեն մասնակցի»:

Լրագրողների դիտարկմանը, թե քաղաքական այդ ուժերը պատրաստվում են կառավարությանն անվստահություն հայտնելու համատեղ պահանջ ներկայացնել Ազգային ժողով, գլխավոր մարքսիստը կարճ պատասխանեց. «Ես այդ համագործակցության պտուղները չեմ տեսնում»:

Նշենք, որ Հայ ազգային կոնգրեսը փետրվարի 26-ին խորհրդարանում 2008թ. մարտի 1-ի ողբերգական դեպքերի հետաքննման հանձնաժողով ստեղծելու առաջարկ է արել: Հիշեցնենք, որ այս խմբակցության նախորդը նախաձեռնությունը տապալվել էր:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am