Հայաստանի իշխանությունն առայսօր շահագրգռված չէ Մարտի 1-ի գործը բացահայտելու հարցում: Ասյ ամսին, այսօր՝ փետրվարի 28-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նա աջակցություն է հայտնել գործընկեր Ալեքսանդր Արզումանյանի երեկվա հայտարարություններին (Արզումանյանը 2008-ի նախագահական ընտրություններում  Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի ղեկավարն էր):

 «Արզումանյանը շատ համոզիչ էր խոսում, թե քանի դեռ կա ներկա իշխանությունը, «Մարտի 1-ը» չի կարող բացահատվել։ Իշխանությունը շահագրգռված չէ եւ քաղաքական կամք չունի: Պետք է անպայման գտնել Մարտի 1-ի կազմակերպիչներին եւ մեղավորներին: Մարտի 1-ը նախագահական ընտրությունների հետեւանքն էր: Իսկ ամեն ընտրության պատասխանատվություն կրում է իշխանությունը` ոչ միանձնյա, բայց՝ հիմնական», - հայտնել է Հակոբյանը:

Նա ընդգծել է, որ 2008թ. հունիսին պատգամավորական հանձնաժողովը «լավ օրից» չէր ստեղծվել, այլ այն պատճառով, որ իշխանությունները պատրաստ չէին հարցն իրավական դաշտ տեղափոխել. ստիպված եղան այն փոխարինել քաղաքականով: 

Նշենք, որ ՀԱԿ-ը նորից  առաջ է քաշել մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման համար ժամանակավոր պատգամավորական հանձնաժողով ստեղծելու հարցը:

Հիշեցնենք, որ 2008թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հավաքվել էին Ազատության հրապարակում եւ պահանջում էին ընտրությունների վերանայում: Նրանք 10 օր շարունակ շուրջօրյա հանրահավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին, իսկ նույն օրը երեկոյան իշխանությունները հրազեն կիրառեցին անզեն ցուցարարների դեմ: Ցուցարարների եւ եւ ուժայինների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի, այդ թվում երկու ոստիկան: Արդեն 6-րդ տարին անընդմեջ ՀԱԿ կողմնակիցները հավաքվում են Ազատության հրապարակում` հարգելու զոհերի հիշատակը: Մինչ օրս 10 զոհերի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am