Մարդու հիշողության մեջ կարող են պահպանվել 25-30 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին վառ հիշողություններ: Ավելի ուշ տեղի ունեցած փոփոխությունները չեն թողնում այնքան խորը հետքեր, որքան երիտասարդ հասակում: Նման եզրակացության են հանգել Նյու-Հեմփշիրի համալսարանի մասնակիցները:
Գիտնականները հարցում են անցկացրել թոշակառուների շրջանում՝ խնդրելով հիշել իրենց կյանքի ամենատպավորիչ իրադարձությունները: Մեծամասամբ պատմել են այն դեպքերի մասին, որոնք տեղի են ունեցել 25-30 տարի առաջ: Ավելի հաճախ 60-90 տարեկան անձինք հիշել են դեպքեր, որոնք վերաբերում էին համալսարանում սովորելուն, հարսանիքին, մեղրամսին, առաջին երեխայի ծնունդին, հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Մասնագետները պնդում են, որ հիշողության մեջ կյանքը բաժանված է «գլուխների»: Այդպիսիք են դպրոցական ու քոլեջի ուսումնառության, առաջին աշխատանքի, երեխաների ծնունդի հիշողությունները: Անցկացված հետազոտությունները հաստատում են, որ ամենապայծառ հիշողությունները ձեւավորվում են երիտասարդության տարիներին:
Անմոռանալի հիշողությունները վերաբերում են 15-30 տարեկան հասակին: Հենց այդ ընթացքում են տեղի ունենում շրջադարձային իրադարձությունները, որոնք առաջին անգամ են լինում՝ առաջին սեր, առաջին ամուսնություն, առաջին աշխատանք եւ այլն, որոնք տարեց հասակում մարդուն վերադարձնում են այդ հաճելի պահերին:



























