Ներկայումս Ուկրաինան պետություն չէ, այն պարզապես տարածք է, դրա մասնատումն արդեն փաստ է: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Ըստ նրա՝ Կիեւում ոչ մի կենտրոնական իշխանություն էլ չկա եւ աշխարհի բոլոր երկրներն էլ, այդ թվում՝ Հայաստանը, սպասում են, որ պարզվի, թե ում հետ կարելի է գործ ունենալ:
Անդրադառնալով Կոսովոյի հետ կապված իրավիճակի հետ համեմատությանը, Իսկանդրայանն ընդգծել է, որ Ուկրաինան այժմ մոտավորապես Լիբիայի ու Եգիպտոսի մեջտեղում է գտնվում, իսկ Կոսովոյում ամեն ինչ այլ էր: «Մի կողմից քայքայվել է կենտրոնական իշխանությունը, ինչպես Եգիպտոսում, մյուս կողմից՝ երկիրը բաժանվել է, ինչպես որ Լիբիայում: Ուկրաինան, իհարկե, առայժմ Լիբիա չէ, սակայն ղեկավարության կառավարման ուղղությունը, ընդհանուր առմամբ, ընթանում է լիբիական սցենարով»,-ընդգծել է քաղաքագետը:




























