Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության կին պատգամավոր Մելդա Օնուրը հետաքրքիր ձեւով է պատասխանել Էրդողանի կուսակիցների արդարացումներին, թե երկրում ամեն ինչում մեղավոր է «զուգահեռ կառույցը» (Գյուլենի շարժում-խմբ)։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության կին պատգամավոր Մելդա Օնուրը խորհրդարանում կրթության մասին օրենքի փոփոխությունների օրինագծի քննարկման ժամանակ հայելիով մոտեցել է ամբիոնին, այն ուղղել իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պատգամավորների կողմը եւ ասել. «Ասում եք, թե «զուգահեռ պետություն» կա, նա է մեղավոր։ Դա զուգահեռ չէ, դա ձեր արտացոլանքն է, պարոնայք եւ տիկնայք։ Նայեք հայելու մեջ եւ տեսեք այդ «զուգահեռ պետությունը»։ Տեսա՞ք, որ բոլորդ եք այդ «զուգահեռ պետությունը», բոլորդ»։

Նշենք, որ Ֆեթուլլահ Գյուլեն-Էրդողան հակասությունների համատեքստում 2013-ի դեկտեմբերի 17-ին տեղի ունեցավ «Մեծ կաշառք» գործողությունը, որի ընթացքում ձերբակալվեցին 3 նախարարի որդիներ, մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ եւ խոշոր գործարարներ։ Իշխանությունները փորձեցին այս ամենը կապել Գյուլենի համայնքի հետ՝ պնդելով, թե այն Թուրքիայում դարձել է «զուգահեռ պետություն» եւ վնասում է երկրին։

Ֆեթուլահ Գյուլենը խոշոր կրոնա-հասարակական շարժման առաջնորդ է, արդի իսլամի եւ ժողովրդավարության սինթեզի տեսության կրող: Նրա կողմից ղեկավարվող Գյուլենի համայնքը թե Թուրքիայում, թե դրանից դուրս ունի դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարակական կազմակերպություններ: