Մարտի 1-ի քաղաքական էջը պետք է փակել, մնացել է միայն իրավականը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 28-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ հավելելով, որ բոլոր հարցերի պատասխանները արդեն ստացվել են: «Չի բացահայտվել միայն մի բան՝ ով եւ ում փամփուշտից է զոհվել: Ահա այստեղ արդեն վեց տարի է դոփում ենք տեղում»,-հայտարարել է Վարդանյանը:

Ի պատասխան հարցին, թե ինչու կառավարությունը կամք չի ցուցաբերում՝ բացահայտելու այդ սպանությունները, Վարդանյանը նկատել է, որ իշխանության համար սովորական է ասել մի բան, անել՝ մեկ այլ բան: «Գլխավոր դատախազն ասում է, որ կձեռնարկվեն օպերատիվ միջոցներ: Տեսնենք»,-հավելել է նա:

Նրա կարծիքով՝ մարտի 1-ի իրադարձությունների համար չի կարելի մեղադրել ՀՅԴ-ին: «Մեղադրանք չի կարող լինել ՀՅԴ-ի հասցեին: Միակ դրվագը, որի մասին խոսվել է նախկինում, այն է եղել, թե Մարտի 1-ից հետո Դաշնակցությունը կոալիցիայի մեջ է եղել, բայց դա այլ օպերա է: Երբ երեկ զրուցում էինք Ալեքսանդր Արզումանյանի հետ, կարծես թե փոխադարձ հասկացողության եկանք: Ես հարգում եմ Ազումանյանին, բայց բաներ կան, որ առավել եւս ՀՅԴ-ին երբեք չեն կարող կպնել: Տարօրինակ է՝ մեղադրում են կոծկման մեջ, ի՞նչ մեղադրանք կարող է լինել: Նիկոյանի ղեկավարած հանձնաժողովում մեր ներկայացուցիչն աշխատել է գիշեր ցերեկ, մենք փորձել ենք հարցերի պատասխանները գտնել, կիսատ մնացած հարցերում մենք հատուկ կարծիք ենք գրել, որտե՞ղ պիտի կոծկելու մեջ մեղադրեր…. այնպես որ, Արզումանյանը չարաչար սխալվել է, երբ ասել է, թե կոծկման համար մեղավոր ենք»,- նշել է Ա. Վարդանյանը:

Նշենք, որ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը «Ժառանգություն» խմբակցության անդամ է, իսկ 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի պետը:

Հիշեցնենք, որ 2008թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հավաքվել էին Ազատության հրապարակում եւ պահանջում էին ընտրությունների վերանայում: Նրանք 10 օր շարունակ շուրջօրյա հանրահավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին, իսկ նույն օրը երեկոյան իշխանությունները հրազեն կիրառեցին անզեն ցուցարարների նկատմամբ, որի հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի, այդ թվում երկու ոստիկան: Արդեն 6-րդ տարին անընդմեջ ՀԱԿ կողմնակիցները հավաքվում են Ազատության հրապարակում` հարգելու զոհերի հիշատակը: Մինչ օրս 10 զոհերի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am