Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը չպետք է խախտվի: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Նա հույս է հայտնել, որ երկարատեւ ցնցումներից եւ ողբերգություններից հետո հակամարտող կողմերը կարող են ինչ-որ որոշման հանգել: Ռուսաստանն ու Արեւմուտքը կկարողանան ընդհանուր լեզու գտնել: Կարծում եմ` այստեղ կգերիշխի բանականությունը, եւ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը չի խախտվի: Կլինեն որոշակի գործընթացներ, ինչպես Ղրիմում, սակայն առողջ դատողությունը, պատասխանատվությունն ապագայի համար, Ռուսաստանի հետ աշխատելու ցանկությունը կօգնեն երկիրն ամբողջական պահել», – ասել է Վարդանյանը:

Ըստ նրա` Հայաստանի իշխանություններին կհաջողվի նորմալ հարաբերություններ պահպանել Ուկրաինայի հետ: «Կարծում եմ, որ մեր իշխանությունը նրանց հետ  լավ կշփվի, ինչպես որ միշտ է եղել: Իսկ Ուկրաինայի նոր իշխանությունները, կարծում եմ, կարող են համագործակցել նաեւ Ռուսաստանի հետ», - կրկնել է Վարդանյանը: