«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իագուլյանը ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հրավերով մասնակցել է 10-րդ համագումարին որպես հյուր եւ երկակի տպավորություն է ստացել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ինքը՝ Գառնիկ Իսագուլյանը։
Նա նշեց, որ առանձնապես չոգեւորեց այդ համագումարը, որովհետեւ, ըստ էության, այնտեղ երկու միջավայր կար՝ իրական ազատամարտիկներ, նրանք, ովքեր մասնակցել են Արցախյան ազատամարտին եւ երկրապահներ որոնք դրա հետ կապ չունեն, երկրորդի քանակը ավելի շատ էր, քան առաջինինը։ «Իրական ազատամարտիկները ունեին նույն մտահոգություններն եւ խնդիրները, ինչ մեր բնակչության մեծ մասը, մյուս մասը ՀՀԿ-ականներն էին, ովքեր հավաքվել էին գոտեպնդվելու»,- ասաց նա։
Գառնիկ Իսագուլյանը շեշտեց, որ ԵԿՄ համագումարին ընտրեցին վարչություն, որը բացարձակ կապ չունի լուսահոգի Վազգեն Սարգսյանի ստեղծած Երկրապահի հետ։ Նա տարօրինակ համարեց նաեւ համագումարին նախագահի ելույթում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ նախագահի անդրադարձը եւ կոչը երկրապահներին՝ իրեն օգնելու։ «Երկրապահների հիմնական մասը 1974թ առաջ ծնված մարդիկ են, նրանց վրա պարտադիր կուտակայինը չի տարածվում։ Չեմ հիշում, որ նման ծրագրային ելույթով նախագահը Աժ-ի առաջ հանդես գա եւ այդ խնդիրները դնի օրենսդիր մարմնի ներկայացուցիչների առաջ»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը։
Մյուս հանգամանքը, որը Գառնիկ Իսագուլյանը տարօրինակ եւ մտածելու առթիվ տվող համարեց, գեներալ Մանվելի ԵԿՄ շարքային Հովիկ Աբրահամյանին ուղղված «սպառնալիքն էր», թե «տեսեք մենք արդեն 121 ենք, դուք 131-ը, եթե վաղը պետք լինի, կամ մենք ենք ձեզ հավասարվելու, կամ դուք մեզ, բայց մենք ավելի մեծ արժեք ու նշանակություն ունենք, քան դուք»։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am



























