Ադրբեջանում մարդու իրավունքների հիմնական խախտումները խոսքի, հանրահավաքների ազատության աճող սահմանափակումներն են, այդ թվում՝ կալանքը, լրագրողների եւ մարդու իրավունքները պաշտպանող ակտիվիստների նկատմամբ ուժի կիրառումը: Այս մասին ասված  է ԱՄՆ-ի Պետդեպի ամենամյա զեկույցում՝ նվիրված 2013թ. աշխարհում մարդու իրավունքների պաշտպանությանը:

Ըստ զեկույցի՝ նախքան նախագահական ընտրությունների պաշտոնական քարոզարշավը, կառավարությունը խաղաղ ցույցերի համար ընդամենը մի քանի թույլտվություն է տրամադրել, սահմանափակել է թույլատրված հանրահավաքները, բռնությամբ ցրել է բողոքի չարտոնված ցույցերը եւ ձերբակալել ցուցարարներին: Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, դրանք անցել են քաղաքական բռնության մթնոլորտում, թեկնածուների համար հավասար պայմաններ չեն ապահովել, բոլոր փուլերում եւ ընտրությունների օրը ուղեկցվել են էական, ինչպես նաեւ բողոքներն ու բողոքարկումներն ուսումնասիրելիս դիտվել է անկողմնակալության պակաս:

Զեկույցում նշված է կամայական կալանքների եւ ձերբակալությունների, քաղաքական դրդապատճառով կալանքների, ընթացակարգային նորմերը  չպահպանելու մասին:

Իշխանությունները համապատասխան իրավական փաստաթղթեր չեն տրամադրել գույքի սեփականության վերաբերյալ, որի հետեւանքով հարկադրաբար վտարումներ են կատարվել, շենքի քանդում` կասկածելի հիմունքներով: «Մարդու իրավունքների հետ կապված մյուս խնդիրները ներառում են չարաշահումները բանակում, որոնց հետեւանքով գրանցվել է մահվան 69 դեպք` ոչ մարտական պայմաններում»,- ասվում է զեկույցում:

Հաղորդվում է նաեւ բանտերում ծանր, երբեմն նաեւ կյանքի համար վտանգավոր պայմանների մասին, մասնավոր կյանք կամայական միջամտության, որոշ չգրանցված մահմեդական եւ քրիստոնեական խմբերի կրոնի ազատության սահմանափակումների մասին, քաղաքական կյանքին մասնակցելու սահմանափակումներ, բռնություն կանանց նկատմամբ, ինչպես նաեւ մարդկանց առեւտուր: Կառավարությունն ի վիճակի չէ միջոցներ ձեռնարկել մարդու իրավունքները ոտնահարած  պաշտոնյաների մեծամասնությանը պատժելու ուղղությամբ: Անպատժելիությունը շարունակում է խնդիր  մնալ: 

Զեկույցում նաեւ նշվում է գրող Աքրամ Այլիսլիի եւ նրա ընտանիքի անդամների վրա հարձակումների մասին:

Հայկական ծագում ունեցող քաղաքացիները ճնշումների են ենթարկվել: Նրանք հաճախ են թաքցնում իրենց ծագումը` փոխելով անձնագրերը:  Նաեւ հաղորդվում է այլ ազգային փոքրամասնությունների նկատմամբ խտրականության եւ ճնշումների մասին: