Ընդդիմությունն ինքը մարտի 1-ի հանձնաժողով չի ուզում: Այս մասին այսօր՝ փոտրվարի 28-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: «Եթե իսկապես ցանկանային, կփորձեին համոզել ու զրուցել, այլ ոչ թե վատաբանել»,-հայտարարել է Սահակյանը: Այն նկատողությանը, որ ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին՝ մարտի մեկի իրադարձություններն ուսումնասիրելու համար քաղաքական կամքի ու համարձակության բացակայության մեջ, Սահակյանն արձագանքել է. «Մենք քննիչներ ու քրեագետներ չենք: Դա համապատասխան մարմինների աշխատանքն է: Ինքը ընդդիմությունը դողդողում է, իսկ ուրիշների հետ խոսում է համարձակության մասին»,-հայտարարել է նա:

Ինչպես խորհրդարանի երեկվա նիստի ժամանակ, այսօր եւս Գալուստ Սահակյանը չի նշել իրենց խմբակցության դիրքորոշումը՝ կապված մարտի 1-ի հարցով ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողով ստեղծելու հետ: «Այդ մասին ես կասեմ քվեարկությունից առաջ»,-հավելել է Սահակյանը:

Հիշեցնենք, որ 2008թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հավաքվել էին Ազատության հրապարակում եւ պահանջում էին ընտրությունների վերանայում: Նրանք 10 օր շարունակ շուրջօրյա հանրահավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին, իսկ նույն օրը երեկոյան իշխանությունները հրազեն կիրառեցին անզեն ցուցարարների նկատմամբ, որի հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի, այդ թվում երկու ոստիկան: Արդեն 6-րդ տարին անընդմեջ ՀԱԿ կողմնակիցները հավաքվում են Ազատության հրապարակում` հարգելու զոհերի հիշատակը: Մինչ օրս 10 զոհերի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am