Ուկրաինայի խորհրդարանն օրենք է ընդունել` պատգամավորների արտոնությունները վերացնելու եւ սահմանափակելու մասին: Գերագույն դադայի այդ որոշմանն աջակցել են 301 խորհրդարանականներ`  անհրաժեշտ 226-ի փոխարեն:

Չեղյալ է հայտարարվել այն դրույթը, ըստ որի` ժողովրդական պատգամավորները որպես նյութական օգնություն ստանում էին աշխատավարձի չափ գումար` հաշվի առնելով բոլոր հավելավճարները եւ պարգեւավճարները: 

Օրենքը վերացրել է նաեւ այն հոդվածը, ըստ որի` պատգամավորը եւ նրան ուղեկցող անձն ունեին հյուրանոցում  նախնական տեղավորման եւ ծառայողական բնակարան ստանալու իրավունք:

Խորհրդարանը վերացրել է  թոշակի անցած ժողովրդական պատգամավորների արտոնությունները` պետբյուջեի հաշվին Ուկրաինայի տարածքում երկաթուղային, ջրային, օդային կամ ավտոմեքենային տրանսպորտից անվճար օգտվելու իրավունքը:

Ավելի վաղ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել էր խիստ խնայողություն անցնելու մասին եւ նախարարներին արգելել էր օգտվել պետական մեքենաներից, հայտնում է  «Կորեսպոնդենտը»:

Հաղորդվում է նաեւ, որ առաջիկայում նոր կառավարությունը վերանայելու է 2014 թ. պետբյուջեն: