ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը մարտի 1-ին մասնակցելու է եւ Հայ ազգային կոնգրեսի, եւ Ազատամարտիկների ընդլայնված խորհրդի նախաձեռնած հանրահավաքներին եւ հույս ունի, որ դրանք խաղաղ կանցնեն: Այս մասին NEWS.am-ին ասաց պատգամավորը:

«Պետք չէ տարանջատել այս երկու հանրահավաքները: Վաղվա գաղափարը մեկն է՝ հարգել 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակը, եւ ես գնալու եմ այս կապակցությամբ»,- ասաց նա՝ շեշտելով, որ սխալ է նույն առիթով տարբեր վայրերում հավաքներ անցկացնելը:

Թեւան Պողոսյանը հանրահավաքին մասնակցելու է խմբակցության մյուս պատգամավորների հետ. «Ինչքան գիտեմ, ներկա են լինելու նաեւ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, Արմեն Մարտիրոսյանը, ինչպես նաեւ մեր խմբակցության պատգամավորները»:

Հարցին՝ արդյոք «Ժառանգության» առաջնորդը պատրաստվում է ելույթ ունենալ, պատգամավորը պատասխանեց, որ տեղյակ չէ: Նա նաեւ դժվարացավ կանխատեսումներ անել, թե ինչ կարող է լինել մարտի 1-ին:

«Բերեք կանխատեսումներ չանենք, վաղը բոլորս կհավաքվենք այնտեղ ու կտեսնենք, թե ինչ կլինի: Օրինակ՝ ոչ մեկը երեկ չէր մտածում, որ Նիկոլ Փաշինյանին կվիրահատեն: Ես ամեն դեպքում հույս ունեմ, որ խաղաղ հանրահավաք կլինի»,- ավելացրեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը:

Նշենք, որ մարտի 1-ին Հայ ազգային կոնգրեսն Ազատության հրապարակում, իսկ Ազատամարտիկների ընդլայնված խորհուրդը` Սարյանի այգում կազմակերպում են հանրահավաք` հարգելու 2008թ. մարտի 1-ի զոհերի հիշատակը:

Հիշեցնենք, որ 2008թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հավաքվել էին Ազատության հրապարակում եւ պահանջում էին ընտրությունների վերանայում: Նրանք 10 օր շարունակ շուրջօրյա հանրահավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին, իսկ նույն օրը երեկոյան իշխանությունները հրազեն կիրառեցին անզեն ցուցարարների նկատմամբ, որի հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի, այդ թվում երկու ոստիկան: Արդեն 6-րդ տարին անընդմեջ ՀԱԿ կողմնակիցները հավաքվում են Ազատության հրապարակում` հարգելու զոհերի հիշատակը: Մինչ օրս 10 զոհերի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am