Ինչպես 2013թ., այս տարի եւս շարունակվելու են Երեւանի քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների ինչպես հիմնանորոգման, այնպես էլ մասնակի նորոգման աշխատանքները:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ 2014 թվականի շինբարեկարգման ծրագրի շրջանակում վերանորոգման աշխատանքներ են նախատեսվում թվով 23 մանկապարտեզներում: Ցանկում ընդգրկվել են վերանորոգման առավել առաջնահերթ կարիք ունեցող մանկապարտեզները:
Աշխատանքների շրջանակում կիրականացվեն ինչպես ամբողջությամբ հիմնանորոգման, այնպես էլ տանիքների, դռների ու պատուհանների փոփոխման եւ նորոգման այլ աշխատանքներ:
Շինարարական աշխատանքները կմեկնարկեն հայտարարված մրցույթների արդյունքներն ամփոփելուց հետո՝ սահմանված ժամանակացույցով:




























