Հայաստանի առաջին նախագահը ոչ մեկի ձեռքի թաշկինակը չէ: Այս մասին ԱԺ-ում փետրվարի 28-ի ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Նա անընդունելի է համարում ՀԱԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հայտարարությունը, թե մարտի 1-ի դեպքերով ժամանակավոր նոր հանձնաժողովը անհրաժեշտության դեպքում կարող է հրավիրել Տեր-Պետրոսյանին:
«Ուզում են ցույց տալ, իբր, ահա մենք որքան բաց եւ թափանցիկ ենք: Ախր դա պարզապես ցինիզմ է: Այդ մարդիկ գիտեն, թե ինչ է նախագահի ինստիտուտը եւ ինչպես պետք է նրան վերաբերվել: Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջին նախագահն է, այլ ոչ թե Արամ Մանուկյանի ձեռքի թաշկինակը, որ նրան ինչ-որ տեղ կանչի կամ չկանչի: Տեր-Պետրոսյանն ինքն է որոշում` ինքն ինչ ասի եւ անի», - ասել է Սահակյանը:
Հիշեցնենք, որ 2008թ. մարտի 1-ին իշխանություն-ընդդիմության առճակատման ժամանակ Երեւանի կենտրոնում զոհվել էր 8 ցուցարար եւ Ներքին զորքերի երկու ծառայող: Մարդկանց սպանության համար մինչ այժմ ոչ ոք չի պատժվել:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am




























