Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ճիշտ եւ ժամանակին արձագանքեց Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալուն։ Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իագուլյանը։
Ավելին՝ նա ամբողջությամբ կիսում է երկրորդ նախագահի գնահատականները, եւ նշեց, որ եթե կա մեկը, ով համաձայն չէ, թող արտահայտի իր կարծիքը, բայց հիշի Քոչարյանի հետգրությունն առ այն, որ նախեւառաջ մի հատ էլ կարդան իր գրածը, հետո նոր արձագանքեն։
Գառնիկ Իսագուլյանը ճիշտ է համարում երկրորդ նախագահի՝ ՄՄ-ին անդամակցելու վերաբերյալ այսքան ուշ անդրադարձը: «Պաուզան բավականին անհրաժեշտ էր, Լեւոն Տեր-Պետրոսյանը արձագանքեց, բայց դրանից հետո բոլորը սկսեցին մեղադրել նրան ռուսամետության մեջ, մարդ որին մեղադրում էին ԽՍՀՄ-ը քանդելու, հիմա մեղադրում են ռուսամետության մեջ»,-ասաց նա:
Գառնիկ Իսագուլյանը Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցում կարեւորեց այն, որ նա չի փորձել իրենից առաջ կամ իրենից հետո եղածներին մեղադրել ծանր վիճակի համար, «ուղղակի ասվում է, որ կատարվել է փաստ, պետք է կարողանանք համախմբել բոլոր ուժերին այս իրավիճակի գնահատականը տալու համար»։ Նրա գնահատմամբ՝ դա կոչ էր բոլորին, որ պետք է ձախողումների մեջ ոչ թե մեղավորներ փնտրել, այլ իրավիճակից դուրս գալու համար համախմբել կարող ուժերին։
Գառնիկ Իսագուլյանը անդրադարձավ նաեւ 2008թ Մարտի 1-ի դեպքերին, նշելով, որ դա մեր ժողովրդի համար ամենավատ, ծանր, սեւ օրն է։ «Ցավում եմ, այսօրվա որոշ քաղաքական ուժերի պահվածքից ակնհայտ է, որ մարտի 1-ի դասերը չկարողացան ճիշտ ընկալել եւ հետեւություններ անել։ Չեմ կարծում, որ արտառոց բաներ կարող են լինել։ Պետք է մտածել, թե ինչու այդ ամենը տեղի ունեցավ եւ ինչ է պետք անել հետագայում նման դեպքերը բացառելու համար, տեղի ունեցավ մի երեւույթ, որտեղ կոնկրետ մեկին մեղադրելը անհնարին է»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը՝ կարեւորելով տուժած ընտանիքներին փոխհատուցելու խնդիրը։



























