Գառնիի գյուղապետ Աշոտ Վարդանյանը ճիշտ է անում, որ արգելում է Գառնիի արքունական բաղնիքի դիմաց կառուցել սրճարան, իսկ բնակիչներն էլ իրենց հերթին պետք է դիմեն Ազգային ժողով՝ հարցը լուծելու համար: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը՝ անդրադառնալով կառուցվող սրճարանի շուրջ ստեղծված աղմուկին: 

«Լավ է, որ գյուղապետը պայքարում է անօրինականության դեմ: Այստեղ նաեւ օրենքի խնդիր կա: Գառնիի բնակիչները կդիմեն Ազգային ժողովին, որն էլ քննարկման կդնի օրենքն ու այնպես կանի, որ Մշակույթի նախարարությունը չշահարկի արդեն գործող օրենքը»,- ասաց նա:

Թեւան Պողոսյանը չի կարծում, որ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, սրճարան կառուցելով, կավելացնի զբոսաշրջիկների թիվը. «Եթե մինչեւ հիմա այնտեղ սրճարաններ չեն եղել, զբոսաշրջիկնե՞րն են պակասել: Իհարկե ոչ: Որտե՞ղ են այն հաշվարկները, թե սրճարան բացելու դեպքում 10 հազար այցելուի փոխարեն տաճար կայցելի 100 հազար մարդ: Պետք է պատմական արժեքները պահպանես, ոչ թե այնտեղ սուրճի սարք դնելով՝ մեկ-երկու կոպեկ ավել աշխատես»:

Լրագրողների դիտարկմանը՝ հնարավոր է «Ծածկած շուկայի» դեպքից հետո մշակույթի նախարարությունը որոշել սրճարան բացել, երբ պատմական արժեք ունեցող շուկան դարձավ սուպերմարկետ, իսկ դրա համար ոչ մեկը պատասխան չտվեց, պատգամավորը չհամաձայնվեց. «Փակ շուկան առաջին դեպքը չի: Ինչո՞ւ չենք հիշում այն, ինչ եղավ 2000-ական թթ.: Նույն Հյուսիսային պողոտայի դեպքը, երբ մարդկանց տները քանդեցին: Ո՞րն է ավելի մեծ ցավ: Այսպես կշարունակվի, եթե այս ամենին վերջ չտանք»:

Հիշեցնենք, որ ՀՀ Մշակույթի նախարարության ՊՈԱԿ-ը նախատեսում է հաջորդ տարվա մայիսին Գառնիում բացօթյա սեզոնային սրճարան բացել: Գյուղապետ Աշոտ Վարդանյանը նոյեմբերի 27-ին մերժել է ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանին` հայտնելով, որ ինքը թույլ չի տալու կառուցել սրճարանը, մինչեւ չունենա Մշակույթի նախարարության հստակ եզրակացությունը, որ շինության տարածքը պեղումների ենթակա չէ։ Ի պատասխան գյուղապետի նամակի` Պողոսյանը NEWS.am-ին ասել էր, որ տարածքն ուսումնասիրված է եւ կա հնագետի եզրակացությունը: Նրա խոսքով` սրճարանն ամեն դեպքում կառուցվելու է եւ դրա համար գյուղապետի թույլտվությունը հարկավոր չէ: