Գերագույն ռադայի ղեկավար Ալեքսանդր Տուրչինովը, որը հիմա Ուկրաինայի նախագահի պաշտոնակատարն է, Յուրի Իլյինին հեռացրել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի` գլխավոր շտաբի պետի պաշտոնից:
Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է նախագահի կայքում:
«Ուկրաինայի Սահմանադրության 106-րդ հոդվածի առաջին մասի 17-րդ կետի եւ 112-րդ հոդվածի համապատասխան` հրամայում եմ Յուրի Իվանովիչ Իլյինին ազատել Գլխավոր շտաբի պետի` Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի պաշտոնից», - ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է «Կորեսպոնդենտը»:
Նշենք, որ Իլյինը գլխավոր շտաբի պետ էր նշանակվել փետրվարի 19-ին` Վիկտոր Յանուկովիչի հրամանով, որին Ռադան հեռացրել է նախագահի պաշտոնից:
Փետրվարի 27-ին Յուրի Իլյինը սրտի կաթվածով տեղափոխվել էր Ղրիմի Սեւաստոպո քաղաքի զինհոսպիտալ:




























