UWC Դիլիջան միջազգային դպրոցը եւ «Դպրոց կենտրոնների միություն»-ն այսօր փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:

Հուշագրում նշված է, որ UWC Դիլիջան դպրոցը եւ «Դպրոց կենտրոնների միություն» իրավաբանական անձանց միությունը պատրաստակամություն են հայտնում նպաստելու Հայաստանի՝ համաշխարհային կրթական քարտեզի վրա կարեւոր դիրք ձեռք բերելու գործընթացին:

Մասնավորապես, հուշագրով նախատեսված է կազմակերպել ուսանողների եւ ուսուցչական կազմի կատարելագործման ծրագրեր: Նախատեսվում է, որ կողմերը կկազմակերպեն մրցույթներ, դասընթացներ, ամառային տեղական եւ միջազգային ճամբարներ ՀՀ դպրոցների աշակերտների եւ UWC Դիլիջան դպրոցի ուսանողների համատեղ մասնակցությամբ:

Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Ծաղկաձորում կայացած «Դպրոց կենտրոնների միության» ամենամյա համաժողովի բացման արարողության ժամանակ:

Միջոցառման վերաբերյալ եւ այլ հարցերով խնդրում ենք դիմել IDeA հիմնադրամի հանրային կապերի համակարգող Տաթեւիկ Մելիքյանին՝ [email protected] հասցեով կամ զանգահարելով 583346 (ներքին համարը՝ 115), կամ` 077 717917: