Ազգային ժողովի նախկին պատգամավոր Խաչիկ Հարությունյանը հրաժարվել է ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտորի պաշտոնից, քանի որ որոշել է զբաղվել բիզնես գործունեությամբ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Խաչիկ Հարությունյանը:

«Ես որոշել եմ բիզնեսով զբաղվել Հայաստանում եւ Ռուսաստանում, որովհետեւ նման պայմանններ առաջացան, առայժմ չեմ ցանկանում հայտնել՝ ինչ բիզնեսով, քանի որ կոնկրետ չէ: Իսկ ռեկտորի պաշտոնից, ինչպես նաեւ ավելի վաղ պատգամավորի մանդատից հրաժարվել եմ իմ կամքով, ոչ ոք ոչինչ չի ստիպել ինձ»,- հայտնեց Խաչիկ Հարությունյանը:

Նախկին պատգամավորն ասաց, որ ռեկտորի պաշտոնից հրաժարվել է, քանի որ ժամանակը չի բավականացնի զբաղվել դրանով: Ինչ վերաբերում է ՕԵԿ-ը լքելուն, ապա Խաչիկ Հարությունյանն ասաց, որ ֆորմալ առումով անդամակցությունը չի դադարեցնելու, բայց այսուհետ ավելի պասիվ է լինելու կուսակցական գործունեությունում ժամանակի սղության պատճառով:

Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, որ մի քանի օր առաջ լուր տարածվեց, որ ԱԺ ՕԵԿ նախկին պատգամավոր Խաչիկ Հարությունյանը, դեռ ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտորի պաշտոնը չստանձնած, հեռացել է։ «Մինչդեռ, երբ 2013-ի նոյեմբերին հրաժարվում էր մանդատից, հայտարարում էին, որ պատճառը ՀԱՊԿ ակադեմիայի ռեկտորի պաշտոնը ստանձնելն է։ Հիշեցնենք, որ նրա փոխարեն ՕԵԿ-ն Աժ բերեց Լեւոն Դոխոլյանին՝ Հեղինե Բիշարյանի քրոջ փեսային։ Բոլորովին վերջերս էլ Հարությունյանը մեզ ասել էր, որ ակադեմիան իր աշխատանքները կսկսի սեպտեմբերից, ինքը հիմա ղեկավարում է շինաշխատանքները։ Անգամ նեղացել էր, երբ գրել էինք, որ մի հաստատության ռեկտոր է նշանակվել, որը ոչ միայն չի գործում, հայտնի էլ չէ, թե երբ է գործելու։ Որոշ տեղեկություններով, Հարությունյանը պատրաստվում է լքել նաեւ ՕԵԿ-ը»,–գրել է թերթը: