Քալիֆորնիայի Գլենդել քաղաքում դատախազները մեղադրանք են ներկայացրել Սանլենդից մի հայի` ամուսնացած կնոջը սպառնալու եւ հետապնդելու համար: «Glendale News-Press» թերթը գրում է, որ 48-ամյա Ջորջ Մեհրաբյանը կալանավորվել է այն բանից հետո, երբ խախտել է դատարանի արգելքը` նամակ ուղարկելով 37-ամյա կնոջը:
Գլենդելի բնակչուհին Մեհրաբյանին առաջին անգամ տեսել էր անցյալ տարի, երբ կանչել էր իր տուն` շինարարական աշխատանքների համար: Սակայն աշխատանքներն ավարտվելուց հետո վերջինս միշտ հայտնվել էր կնոջ տեսադաշտում: Տղամարդը սկսել էր կնոջ տուն գալ ցանկացած ժամանակ, երբեմն նույնիսկ քնում էր կնոջ տնից մի փոքր հեռու կայանած իր բեռնատարում: Մեհրաբյանը կնոջն անցանկալի նվերներ եւ ծաղիկներ է մատուցել: Մի անգամ էլ նրա հորն ասել է, որ ցանկանում է ամուսնանալ դստեր հետ եւ խնդրել է ձեռքը:
Կինը հունվարին դիմել է դատարան, որպեսզի Մեհրաբյանին արգելեն իրեն մոտենալ: Հետախույզները շուտով պարզել են, որ Մեհրաբյանը խախտել է դատարանի արգելքը:
Հիշեցնենք, որ Գլենդելում սա նման առաջին դեպքը չէ, ավելի վաղ մեկ ուրիշ հայ երկու տարվա ազատազրկման էր դատապարտվել ` ամուսնացած կնոջը հետապնդելու համար: Համլետ Սարգսյանը հետեւել էր կնոջը, սպառնացել նրան եւ իր մեքենայով հարվածել կնոջ մեքենային` վերջինիս ուշադրությունը գրավելու համար: Մի անգամ էլ Սարգսյանը կնոջ տուն էր ներխուժել բաց պատուհանից` սեր խոստովանելու համար:




























