Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում տեղադրել է փետրվարի 28-ին Հայաստան այցելության ժամանակ էջմիածնեցի հին ընկերոջ՝ Ռոբերտ Աբրահամյանի ու նրա ընտանիքի հետ հանդիպման լուսանկարները։

Գեորգի Մարգվելաշվիլին նրա հետ պատահաբար է ծանոթացել 1987թ., երբ ծառայում էր Էջմիածնի զորամասում: Փողոցում պատահաբար հանդիպած անծանոթը վրացի զինծառայողին հյուրընկալել է իր տանը, ինչն էլ նրանց ընկերության սկիզբն է դարձել:

«6 ամիս շարունակ նա ինձ պահում էր սեփական թոռնիկի նման... Հայաստան այցելելիս ես չէի կարող չհանդիպել նրան եւ նրա ընտանիքին։  Բնականաբար, եւս մեկ անգամ ցանկանում էի նրան շնորհակալություն հայտնել»,- լուսանկարների մեկնաբանության հատվածում գրել է Վրաստանի նախագահ Մարգվելաշվիլին եւ ընդգծել, որ սրանք հենց այն հարաբերություններն են, որոնք պատմականորեն կապել են հայերին ու վրացիներին:

Ռոբերտ Աբրահամյանի ընտանիքում Մարգվելաշվիլիին բավական ջերմ են ընդունել, Վրաստանի նախագահի հետ հանդիպելու համար Աբրահամյանների տուն են եկել նաեւ նրանց հարեւանները:

Ռոբերտ Աբրահամյանը Մարգվելաշվիլիին պատմել է, որ մինչեւ հիմա հիշում է այն ուրախությունն ու հպարտությունը, երբ իմացավ, որ իր վաղեմի բարեկամը ընտրվել է Վրաստանի նախագահ, եւ շատ է հուզվել՝ տեղեկանալով, որ նա այցելելու է Հայաստան։

Հիշեցնենք, որ Վրաստանի նախագահը Ռոբերտ Աբրահամյանի ընտանիքում հյուրընկալվել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոսին հանդիպելուց հետո։