Ես մտադիր եմ շարունակել պայքարը հանուն Ուկրաինայի ապագայի եւ ընդդեմ նրանց, որոնք սպառնալիքներով ու ահաբեկչություններով փորձում են հեծնել նրան: Այս մասին, այսօր՝ փետրվարի 28-ին, Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչը:
Նրա խոսքով՝ իրեն ոչ ոք պաշտոնանկ չի արել, ինքը ուղղակի ստիպված է եղել լքել Ուկրաինան իր եւ մտերիմների կյանքին սպառնացող վտանգից ելնելով: «Իշխանությունը զավթել են ազգայնական ֆաշիստամետ երիտասարդները, որոնք երկրում փոքրամասնություն են կազմում»,-ասել է նա:
Յանուկովիչը կարծիք է հայտնել, որ Ուկրաինայի խորհրդարանը քվեարկում է «Մայդանի գրոհայինների» ազդեցության տակ: Նրա խոսքով՝ դժվար է ասել, թե ով է այս պահին կառավարություն ձեւավորում երկրում:




























