«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ, նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանը «Դատապարտյալների հիվանդանոցից» տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ՔԿՀ լրատվական ծառայության ղեկավար Գոռ Ղլեչյանը:
Նա նշեց, որ Շանթ Հարությունյանի առողջական վիճակը լավ է, նա ապաքինվել է, այդ պատճառով էլ տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանին կալանավորել են եւ մեղադրանք առաջադրել 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Շանթ Հարությունյանը նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով եւ մահակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 37 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում՝ 8 ոստիկան, նրանցից մեկն էլ դանակահարվել էր: Ձերբակալվել էր 20 մարդ, որոնցից 6-ին ազատ են արձակել, մյուսներին մեղադրանք են առաջադրել եւ կալանավորել։ Շանթ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով («Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը»): Նրա փաստաբանը նշել է, որ ըստ Շանթ Հարությունյանի, իրեն մեղադրում են քաղաքացիական հագուստով ոստիկանի հարվածելու համար: 16 օր հացադուլի մեջ գտնվող Շանթ Հարությունյանին հունվարի 9-ին տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց»:




























