«Նախախորհրդարան» ազգային-քաղաքական նախաձեռնությունն այսօր՝ փետրվարի 28-ին Նախախորհրդարանի գրասենյակում կազմակերպել էր հանրային ներկայացում-քննարկում «Նոր որակի հայկական պետության ձեւավորման եւ զարգացման ռազմավարական հայեցակարգի նախագծի Ժողովրդագրական ոլորտը» թեմայով:

Նախախորհրդարանի մամուլի բաժնից հայտնում են. «Միջոցառման ընթացքում Նախախորհրդարանի անդամ, ազգագրագետ Հրանուշ Խառատյանն անդրադարձավ ներկայումս Հայաստանում ժողովրդագրական ոլորտում տիրող ճգնաժամային իրավիճակին, Նոր որակի հայկական պետության ստեղծումից հետո Հայաստանի եւ հայության ժողովրդագրական վիճակի շեշտակի եւ արմատական բարելավման հարաճուն գործընթացի ապահովման եւ Հայկական գործոնի հզորացման մասին։ Հանրային ներկայացմանը հետեւեց մասնակիցների հարցուպատասխանը եւ քննարկումը։

Ռազմավարական հայեցակարգի հանրային քննարկումների շարքով Նախախորհրդարանը նպատակ ունի Հայաստանի քաղաքացիների եւ համայն հայության ուշադրությունը հրավիրել Նոր որակի հայկական պետության պետականաշինության խնդրին, համախմբել հայաստանաբնակ եւ արտերկրաբնակ շահագրգռված եւ ունակ մասնագետներին՝ իրենց ներդրումն ունենալու ապագա պետության կարեւորագույն փաստաթղթի մշակման գործում»։