Ուկրաինան պետք է անբաժան ու միասնական մնա: Այս մասին փետրվարի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վիկտոր Յանուկովիչը՝ Ուկրաինային սահմանակից Դոնի Ռոստով քաղաքում:

Նա նաեւ ընդգծել է, որ կվերադառնա երկիր, երբ ապահովվի իր ու իր ընտանիքի անվտանգությունը. «Ես կվերադառնամ, երբ ապահովվի իմ ու ընտանիքիս անվտանգությունը»: Նա երկրում տիրող իրավիճակի պատասխանատվությունը բարդել է նրանց վրա, ովքեր ղեկավարում են Մայդանը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի ու Արեւմուտքի: «Ես ոստիկանությանը չեմ հրամայել կրակել ժողովրդի վրա: Ոստիկանությունն անզեն է եղել…Երբ սկսել են կրակել, այն ժամանակ էլ ոստիկանությունը զինվել է»:

Յանուկովիչը նշել է, որ տեսնում է ճգնաժամի կարգավորման ուղիներ՝ նախ դա ենթադրում է ընդդիմության հետ ձեռք բերված համաձայնագրի իրականացում, ինչի համար պատասխանատվություն է կրում նաեւ Արեւմուտքը:

Յանուկովիչը նշել է, որ այդ համաձայնագրի հարցում իրեն խաբել են ու «ոչ միայն խաբել են, այլ դա արել են ցինիկաբար, խաբել են ամբողջ ուկրաինական ժողովրդին»: