Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը այսօր՝ փետրվարի 28-ին, հանդիպել է վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ եւ մի շարք առաջարկություններ ներկայացրել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը, «Զվարթնոց» օդանավակայանի նախկին մասնաշենքի խնդրի, ինչպես նաեւ մշակութային, կրթական, առողջապահական, գյուղատնտեսական ոլորտների մի շարք հարցերի հետ կապված:
Մասնավորապես նա առաջարկել է նվազեցնել ներկայացված 5 տոկոսի շեմը` հնարավորություն տալով նաեւ այդ տարիների ընթացքում գնահատել առաջարկվող մոդելի արդյունավետությունը, 500.000 դրամից բարձր աշխատավարձ ստացողների համար «պարտադիր» բաղադրիչը չտարածել եւ այլն:
Վարչապետ Սարգսյանն, անդրադառնալով կենսաթոշակային բարեփոխումներին, հիշեցրել է, որ մեր երկրի նորանկախ պետության պատմության մեջ չի եղել այնպիսի դեպք, երբ օրենքն ընդունվի եւ ուժի մեջ մտնի երեք տարի անց: «Այդպես է արվել, որպեսզի հանրությունը, բիզնեսը պատրաստվի: Կազմակերպվել են բազմաթիվ սեմինարներ: Մեր նորանկախ պատմության մեջ չի եղել այնպիսի օրենք, որի վրա կաշխատեն երեք կառավարություն, չորս կոալիցիոն կուսակցություն եւ երկու նախագահ: Այսինքն, օրենքը մանրակրկիտ քննարկվել է: Դրա մշակմանը մասնակցել են աշխարհի լավագույն մասնագետները, ուսումնասիրվել են աշխարհի լավագույն մոդելները»,- ասել է վարչապետը:
Կառավարության ղեկավարը հիշեցրել է, որ ԱՊՊԱ-ի ներդրմանը դեմ էր հասարակության մեծ մասը, սակայն այն կիրառելուց հետո պատկերը կտրուկ փոխվեց եւ այժմ այն գնահատվում է որպես կառավարության լավագույն բարեփոխումներից մեկը:
Միաժամանակ, Տիգրան Սարգսյանը դրական է գնահատել այն, որ կենսաթոշակային բարեփոխման հարցում հասարակությունը ներկայացնում է իր կարծիքը, քանի որ դա նպաստում է նաեւ քաղաքացիական հասարակության զարգացմանը:
«Այս բարեփոխմանն այլընտրանք չունենք, քանի որ ներկայիս երիտասարդները ծերացող բնակչության պայմաններում չեն կարողանա ապահով ծերություն ունենալ: Միջազգային փորձագետները նույնպես նշում են, որ ունենք պատմական շանս, հակառակ դեպքում` բարեփոխման գինը թանկ է լինելու: Մենք ունենք պատմական հնարավորություն՝ այսօր բողոքող երիտասարդների համար ապահով, բարեկեցիկ ծերություն ապահովելու համար»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:
Վարչապետը նշել է, որ միջազգային փորձագետների գնահատմամբ՝ եթե 10 տոկոսից քիչ խնայվի, ապա համակարգն անիմաստ, անարդյունավետ կլինի: Դրա համար էլ պետությունը կրկնապատկում է խնայվող հինգ տոկոսը:
«Դրա համար պետական բյուջեից հատկացվել է 20 մլդ դրամ, քանի որ այս բարեփոխումը մեր ապագան է: Այս բարեփոխումը ՀՀ-ում ստեղծում է լրջագույն ինստիտուտներ, երկար փողեր, պրոֆեսիոնալ կառավարիչներ, անհատական հաշիվներ, եկամտահարկի հաշվառում: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը եւս նշեց, որ այս օրենքը հակակոռուպցիոն լրջագույն մեխանիզմ է, որովհետեւ գործատուի եւ աշխատողի միջեւ համաձայնության գալու մոտիվացիան նվազեցվում է, աշխատողի մոտ ստեղծվում է իր իրական աշխատավարձը ներկայացնելու մոտիվացիա, քանի որ պետությունն իր խնայողությունները կրկնապատկելու է»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը նշել է նաեւ, որ կուտակվող եկամուտների փոշիանալու միակ ճանապարհը համաշխարհային տնտեսական կոլապսը կլինի, քանի որ պետությունը ստեղծելու է պահուստային հիմնադրամ, որը երաշխավորելու է բարդ ժամանակահատվածում խնայողությունների վերադարձը՝ հաշվի առնելով նաեւ գնաճը:
«Զվարթնոց» օդանավակայանի նախկին մասնաշենքի խնդրի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանը: Տիգրան Սարգսյանը նշել է, որ օդանավակայանի կոնցեսիոների հետ աշխատանքները շարունակվում են, որպեսզի գտնվի այնպիսի լուծում, որից բավարարված կլինեն եւ կառավարիչը, եւ հասարակությունը: Առաջարկվել է այդ քննարկումներին մասնակից դարձնել նաեւ Հանրային խորհրդին:




























