Ուկրաինայում ներկա զարգացումների սցենարը գրվել է ոչ Ուկրաինայում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 28-ին, Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի գահընկեծ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչը:
«Հիմա դաժան, թատերականացված ներկայացում է տեղի ունենում գրոհայինների եւ այդ արյունալի սցենարի հեղինակների մասնակցությամբ: Չի եղել ավելի շահագրգիռ մարդ, քան ես եմ ու իմ թիմը, որ չլինի արյունահեղություն, որ ամեն ինչ ավարտվի խաղաղ ճանապարհով: Ամենայն հավանականությամբ այս սցենարն Ուկրաինայում չի գրվել»,-ասել է նա:
Վիկտոր Յանուկովիչը «թատրոն» է կոչել Գերագույն Ռադայի որոշմամբ իրեն նախագահի պաշտոնից հեռացնելը: «Եթե գործող նախագահը Սահմանադրության համաձայն հրաժարական չի տվել, եթե նա ողջ է, իսկ ես, ինչպես տեսնում եք, ողջ եմ, եւ եթե այդ նախագահին իմպիչմենթ չի հայտարարվել խորհրդարանում, նա գործող նախագահն է: Ուստի , այն թատրոնը, որը տեղի է ունեցել խորհրդարանում, պատգամավորների դեմ բռնությամբ, ես դա չեմ կարող իմպիչմենթ համարել եւ ճանաչել այն: Ես դա երբեք չեմ ճանաչի»,-հավելել է նա:
Յանուկովիչը նշել է, որ ինքը չի ընդունել եւ չի ընդունի բոլոր այն օրենքները, որոնք խորհրդարանում ընդունվել են բռնի ուժով: «Ես դրանք չեմ ստորագրել, իսկ դա նշանակում է, որ այդ օրենքները չեն ընդունվել: Դա այն իրավապան փաստն է, որը խոսում է այն մասին, որ ես Ուկրաինայի գործող նախագահն եմ»,-ասել է Յանուկովիչը:
Նա նաեւ դիմել է երկրի ներկա իշխանություններին՝ կոչ անելով դադարեցնել բռնությունները: «Դուք դրա համար պատասխանատվություն եք կրելու, դրա վերջն արդեն ինձ հայտնի է»,-ընդգծել է նա:




























