Կանեմ ամեն բան, որպեսզի մինչեւ կյանքիս վերջը լինեմ ուկրաինացի ժողովրդի հետ, մինչդեռ երկրի ներկա իշխանությունների համար ուկրաինացի ժողովուրդն արժեք չունի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 28-ին, Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի գահընկեց արված նախագահ Վիկտոր Յանուկովիչը:
«Ես կցանկանայի դիմել Ուկրաինայի ժողովրդին: Ես ուզում եմ ներողություն խնդրել բոլորից, որոնք տուժել են եւ տուժում են: Ես ինչ կարող եմ անել, կանեմ մինչեւ կյանքիս վերջը, որպեսզի մշտապես լինեմ ուկրաինացի ժողովրդի հետ, ոչ այն ստահակների, ազգայնականների եւ բենդեերականների, այլ՝ Ուկրաինայի ժողովրդի: Ես վստահ եմ, որ ներկա իշխանությունների համար հիմա գոյություն չունի ուկրաինացի ժողովուրդ: Ճշմարտությունը անպայման կգա եւ կհաղթանակի»,-հայտարարել է Յանուկովիչը:
Նա նաեւ դիմել էՈւկրաինայի ներկա իշխանություններին, ասելով. «Հիմա ես ուզում եմ դիմել նրանց, որոնք, այսպես ասած, իրենց օրինական իշխանություն են համարում Ուկրաինայում: Ես ուզում եմ եւս մեկ անգամ ասել. Ուշքի եկեք եւ դադարեցրեք այս բռնությունը: Դրա համար պատասխան եք տալու: Ուկրաինան չի համաձայնի ձեզ հետ միասին ապրել այդպիսի երկրում: Դրա համար ուզում եմ ասել. «Հեռացեք եւ թույլ մի տվեք էլ ավելի մեծ անօրինականություն եւ ցավ ուկրաինացի ժողովրդին»:




























