Արմավիր մարզի Փարաքար գյուղի 32-ամյա բնակիչ, տաքսու վարորդ Սուրեն Գ.-ն մեղադրվում է Շենավանի գյուղի բնակիչ Ջոնիկ Հ.-ի համար իր մեքենայով աղջիկ առեւանգելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել անցած տարվա մարտի 16-ին: Սուրենը նախնական համաձայնության է եկել Շենավան գյուղի բնակիչներ Ջոնիկ Հ.-ի, Նարեկ Հ.-ի եւ Գեղամ Հ.-ի հետ, որ իր մեքենայով կարող են աղջիկ առեւանգել Ջոնիկի համար: Այդ օրը միասին գնացել են Շենավան եւ Հայկուշ Մ.-ի նկատմամբ բռնություն գործադրելով՝ վերջինիս նստեցրել են ավտոմեքենան, սակայն հանցագործությունը ավարտին չեն հասցրել իրենց կամքից անկախ հանգամանքներում:

Սուրեն Գ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 7-րդ կետերի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում մինչեւ 8 տարի ժամկետով: Սուրենը կալանավորված է:

Գործը քննվում է Արագածոտնի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստը կկայանա մարտի 11-ին: