Շիրակի մարզի Ախուրյան գյուղում վիզը կտրած վիճակում հայտնաբերված ամուսինների մահվան դեպքի առթիվ քննությունը շարունակվում է, առայժմ մեղադրյալներ չկան: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանությունից:

Նրանց փոխանցմամբ՝ գործի շրջանակներում նշանակված են մի շարք փորձաքննություններ, կատարվում են մի շարք քննչական գործողություններ, առայժմ մեղադրյալներ չկան:

Հարցին, թե սպանության մեջ երրորդ անձի մասնակցությունը բացառվում է, ոստիկանությունից հայտնեցին, որ ոչինչ չի բացառվում եւ բոլոր վարկածները ստուգվում եւ ճշտվում են:

Ախուրյանի գյուղապետ Արծրունի Իգիթյանն էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ամուսինը՝ 52-ամյա Գարեգին Հակոբյանը, առողջական խնդիրներ է ունեցել, բայց թե կոնկերտ ինչ խնդիր, տեղյակ չէ: Ըստ գյուղում շրջանառվող տեղեկությունների՝ ամուսինները իրար են սպանել, կամ մեկը սպանել է մյուսին, այնուհետեւ ինքնասպանություն գործել: Վերջին տարբերակը ավելի հավանական է, ընդ որում՝ գյուղում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ տղամարդը վերջին շրջանում հոգեկան շեղումներ ուներ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 29-ին զարհուրելի սպանություն է տեղի ունեցել Ախուրյանում: Պարույր Սեւակի 4 փողոցի տներից մեկում որդին ծնողներին հայտնաբերել է դանակահարված վիճակում: Սպանված կինը 49 տարեկան Մանուշակն է, իսկ տղամարդը՝ 52-ամյա Գարեգին Հակոբյանը:Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով: