Գավառ քաղաքում  ազգականի կողմից հրազենային վնասվածք ստացած կնոջ առողջական վիճակը բավարար է, բայց նա առնվազն մեկ շաբաթ կմնա հիվանդանոցում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Գավառի բժշկական կենտրոնի տնօրեն Աշոտ Կարապետյանը:

Նա նշեց, որ փետրվարի 27-ի երեկոյան հիվանդանոց է դիմել չորս հոգի՝ կրակողի մորաքույրը, նրա դուստրը, փեսան եւ կրակողի մայրը: Հիմնական տուժողը եղել է մորաքույրը, ով բազմաթիվ վնասվածքներ է ստացել կրծքավանադակի հետին մակերեսի, գլխի, պարանոցի եւ աջ բազուկի շրջանում, մյուս տուժածները չեն հոսպիտալացվել, նրանց ցուցաբերվել է ամբուլատոր օգնություն:

Մեր տեղեկություններով՝ տղամարդը, ով հարձակվել է եւ լուսամուտից կրակել մորաքրոջ ընտանիքի վրա, հարբած է եղել: Նա այժմ ձերբակալված է, իսկ այսօր կամ վաղը նրա կինը պետք է ծննդաբերի Գավառի հիվանդանոցում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում փետրվարի 27-ին արտառոց դեպք է տեղի ունեցել: Այդ օրը երեկոյան չորս անձինք տարբեր հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գավառի հիվանդանոց: Նրանք հիմնականում կանայք են եղել: Հիվանդանոցում պարզվել է, որ տուժողների ուղղությամբ կրակել է իրենց մորաքրոջ որդին՝ Գագիկը:

Ըստ տուժողների՝ վերջինս ժամը 19-ի սահմաններում որսորդական հրացանով ներխուժել է տուն եւ կրակել իրենց ուղղությամբ: Ամենայն հավանականությամբ, դրանից առաջ ազգականների միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, սակայն այս մասին դեռ պաշտոնական տեղեկություններ չկան: Դեպքի վերաբերյալ NEWS.am-ը փորձել է մանրամասներ ճշտել ոստիկանությունից, որտեղից հաստատելով տեղի ունեցածը՝ հայտնել են, որ նշված զենքն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության: Ժամը 22.00-ին Գ. Ցոգոլակյանը բերման է ենթարկվել բաժին: Նշանակվել է Դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: