Երեւանի Սեւակի փողոցի 50-ամյա բնակիչ Արամ Ա.-ն մեղադրվում է ուրիշի մեքենայի ապակիներին, դռներին եւ բեռնախցիկին փայտե մահակով հարվածելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Արամ Ա.-ն, Վիվա Գոլդ ՍՊԸ-ին պատկանող եւ իրեն ամրակցված Վազ 2107 մակնիշի մեքենան վերանորոգելիս, ավտոմեքենայի վերանորոգման հարցերի շուրջ վիճաբանել է իր որդու՝ Դավիթի հետ: Վեճի ընթացքում Արամ Ա.-ն բարկացել է եւ  իր մոտ եղած փայտե մահակով դիտավորյալ հարվածել է մեքենայի ապակիներին, դռներին, տանիքին եւ բեռնախցիկին: Արամ Ա.-ն մեքենայի սեփականատիրոջը պատճառել է 249 հազար ՀՀ դրամ գույքային վնաս:

Արամ Ա.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը 2 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում: Դատական հաջորդ նիստը կկայանա մարտի 10-ին: