Թիվ 63 ավտոբուսային երթուղին վերանայվել է: Այդ երթուղին սպասարկող ընկերությունը օրեր առաջ դիմել էր Երեւանի քաղաքապետարանին՝ խնդրելով դադարեցնել վերոնշյալ երթուղու իր կողմից սպասարկման իրավունքը: Հաշվի առնելով, որ սույն ընկերությունը սպասարկումն իրականացնում է բացառապես ավտոբուսներով (թվով 17), ինչը նաեւ առավել նախընտրելի է քաղաքացիների համար, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչությունը ընկերության հետ քննարկել եւ առաջարկ է ներկայացրել Երեւանի քաղաքապետին՝ վերանայել տվյալ երթուղու ուղեգիծը: Առաջարկվել է Երեւան քաղաքի կանոնավոր ուղեւորափոխադրումների երթուղային ցանցով նախատեսված թիվ 62 երթուղու ուղեգծի որոշակի մասը ժամանակավորապես միացնել թիվ 63 երթուղու ուղեգծին, հատկապես հաշվի առնելով, որ թիվ 62 երթուղու համար ավելի քան տասն անգամ հայտարարված մրցույթներից եւ ոչ մեկի համար հայտեր չեն ներկայացվել: Բացի այդ, առաջարկվել է դադարեցնել նույն ուղեգծով ներկայում գործող թիվ 62ա միկրոավտոբուսային երթուղու հետագա սպասարկումը:
Ըստ այդմ, մարտի 1-ից թիվ 62ա միկրոավտոբուսային երթուղին կդադարի գործել, իսկ թիվ 63 ավտոբուսային երթուղին սպասարկումը կիրականացնի հետեւյալ ուղեգծով.
ՆՈՐ ՆՈՐՔԻ 9-րդ ԶԱՆԳՎԱԾ - 15-րդ ԹԱՂԱՄԱՍ (Նոր Նորքի 9-րդ զ/ծ - Վիլնյուսի - Ավետիսյան - Դ. Բեկի - Բ. Մուրադյան փողոցներ - Գայի - Մյասնիկյան պողոտաներ - Աբովյան պուրակ - Աբովյան - Մոսկովյան - Խանջյան փողոցներ - Տիգրան Մեծ պողոտա - Հանրապետության հրապարակ - Ամիրյան փողոց - Մաշտոցի պողոտա - Հաղթանակի կամուրջ - Աթենքի փողոց - Ծիծեռնակաբերդի խճուղի - Լենինգրադյան - Հալաբյան - Մարգարյան - Բաշինջաղյան փողոցներ - 15 թաղամաս):




























