Ուկրաինան Վիկտոր Յանուկովիչի արտահանձնման պաշտոնական գործընթաց է սկսել, ում նկատմամբ շարունակվում է քրեական հետապնդումը պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ: Այս մասին հաղորդել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Օլեգ Մախնիցկին:

Ուկրաինայի գլխավոր դատախազությունում ընդգծել են, որ «Ուկրաինայի քաղաքացի Վիկտոր Յանուկովիչի կողմից Դոնի Ռոստովում մամուլի ասուլիսի անցկացումը պաշտոնապես հաստատել է ՌԴ-ում նրա գտնվելու մասին փաստը: Ուստի գլխավոր դատախազությունը Մոսկվային դիմելուց հետո ակնկալում է մոտ ժամանակներս դրական պատասխան ստանալ ՌԴ գլխավոր դատախազությունից»:

Մախնիցկին մամուլի ասուլիսում Յանուկովիչի վերջին հայտարարությունները անպատասխանատու է անվանել, որոնք չեն նպաստում Ուկրաինայում եւ մասնավորապես Ղրիմում քաղաքական կայունությանը, ինչպես նաեւ ուղղված է թերակղզում քաղաքացիական հակամարտության սրմանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Վիկտոր Յանուկովիչը ՌԴ Դոնի Ռոստով քաղաքում կայացած  մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ նախկինի պես իրեն համարում է Ուկրաինայի նախագահ: Փետրվարի 24-ին նրա նկատմամբ քրեական հետապնդում է սկսվել խաղաղ քաղաքացիների զանգվածային սպանությունների մեղադրանքով: Նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: