Զորավարժությունների անվան տակ Ռուսաստանը զորք է մտցրել Ղրիմ: Նրանք գրավել են Ղրիմի խորհրդարանը, կառավարությունը, փորձում են իրենց վերահսկողության տակ վերցնել քաղաքացիական օբյեկտները, արգելափակել ուկրաինական զինվորականների տեղակայման վայրերը: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը ժողովրդին ուղղված ուղերձում:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը սադրում է Ուկրաինային ռազմական հակամարտություն սկսել: <Մեր հետախուզության տվյալներով, նրանք մշակում են սցենար, որն ամբողջությամբ նման է աբխազականին, երբ հակամարտություն սադրելով, նրանք սկսեցին տարածքների բռնակցումը>,-ընդգծել է նախագահի պաշտոնակատարը: <Ուկրաինացի զինվորականները կատարում են իրենց պարտականությունները, բայց սադրանքի չեն տրվում, չեն գնում ռազմական հակամարտության՝ հասկանալով այն մեծ վտանգը, որը բաժին կհասնի քաղաքացիական բնակչությանը>,-հավելել է նա:

<Ես անձամբ դիմում եմ նախագահ Պուտինին՝ պահանջելով անհապաղ դադարեցնել սադրանքն ու Ղրիմից հետ կանչել իր զինվորականներին, աշխատել բացառապես ստորագրված համաձայնագրերի շրջանակներում>,-հայտարարել է Տուրչինովը:

Նա նաեւ հիշեցրել է, որ Ռուսաստանը ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հետ միասին Ուկրաինայի անձեռնմխելիության տարածքային ամբողջականության երաշխավորն է ըստ Բուդապեշտի հուշագրի: Տուրչինովի խոսքով՝ Ուկրաինայի ազգային անվտանգության խորհուրդը Ղրիմում իրավիճակի կայունացման պլան է մշակել: <Մենք պահանջում ենք դադարեցնել սադրանքը, պահանջում ենք նորմալացնել իրավիճակը>,-նշել է նա:

<Մենք վստահ ենք, որ Ուկրաինան կպահպանի իր տարածքային ամբողջականությունը: Ուկրաինան կպաշտպանի իր անկախությունը եւ բռնակցման կամ ներխուժման ցանկացած փորձ շատ լուրջ հետեւանքներ կունենա: Ես դիմում եմ մեր զինվորականներին, որոնք հիմա գտնվում են Ղրիմում, ես աջակցում եմ նրանց: Ես երախտապարտ եմ այն բանի համար, որ նրանք արժանիորեն կատարում են իրենց պարտքը>,-հավելել է նախագահի պաշտոնակատարը:

Նշենք, որ փետրվարի 28-ին Ղրիմում ռուսական ուղղաթիռներ, օդանավեր եւ ՌԴ Սեւծովյան նավատորմի զրահատեխնիկայի տեղաշարժ է նկատվել: