Վենեսուելան հերքել է իր տարածքում ռուսական ռազմաբազաների տեղակայման հնարավորությունը: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Վենեսուելայի արտգործնախարար Էլիաս Խաուան:

«Մենք, համաձայն մեր սահմանադրության, չենք կարող որեւէ օտարերկրյա ռազմաբազա տեղակայել մեր երկրում»,- ասել է նա:

Այդ կերպ նա մեկնաբանել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի վերջին հայտարարություններն աշխարհի տարբեր տարածաշրջաններում առկա ռուսական ռազմաբազաների ընդլայնման ծրագրերի վերաբերյալ, հաղորդում է Associated Press-ը:

Վենեսուելան առայժմ «պատերազմում է» ամերիկացիների հետ: Անցյալ շաբաթ լատինաամերիկյան այս պետության իշխանություններն ամերիկյան հյուպատոսության երեք աշխատակցի պերսոնա նոն գրատա են հայտարարել: Պատճառն այդ անձանց միջամտությունն էր երկրի համալսարանների աշխատանքին, որոնք անցկացվում են ուսանողական վիզաների ձեւակերպման քողի տալ: Բացի այդ, երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն մեղադրել է Վաշինգթոնին ընդդիմությանն աջակցելու մեջ՝ սոցիալիստների կառավարությունը տապալելու նպատակով:

Պետդեպարտամենտը բոլոր այս մեղադրանքները կտրականապես հերքել է, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: