ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ որոշ եվրոպացի առաջնորդներ կարող են հրաժարվել հունիսին մեկնել Սոչի «մեծ ութնյակի» գագաթաժողովին մասնակցելու համար, եթե Ռուսաստանն իր զորքերն ուղարկի Ուկրաինա, լրատվական գործակալություններին հայտնել է ԱՄՆ կառավարությունում առկա աղբյուրը՝ անունը չհրապարակելու պայմանով: Տեղեկությունը պաշտոնապես դեռ հաստատված չէ:

Ավելի վաղ նախագահ Օբաման զգուշացրել էր, որ Մոսկվան ստիպված կլինի թանկ վճարել հարեւան երկիր ռազմական ներխուժման դեպքում,  հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ուկրաինական իշխանությունները մեղադրել են Ռուսաստանին Ղրիմում ռազմական ագրեսիայի համար, որտեղ զինված մարդիկ իրենց վերահսկողության տակ են վերցրել վարչական շինություններն ու երկու օդանավակայանները: Ուրբաթ գիշերը Սիմֆերոպոլի օդանավակայանի տարածքում հատուկ ջոկատների նմանվող խմբեր են հայտնվել զինվորական համազգեստով՝ առանց բնութագրող նշանների: