Գազի հարցերով խորհրդարանական հանձնաժողովում կոալիցիոն եւ ոչ կոալիցիոն ուժերից ընդգրկվելու է 5-ական ներկայացուցիչ: NEWS.am-ին հաջողվել է պարզել հանձնաժողովի կազմը:

Այսպես, մեր աղբյուրների փոխանցմամբ՝  նախնական որոշմամբ՝ կոալիցիոն ՀՀԿ-ից եւ ՕԵԿ-ից հանձնաժողովում ընդգրկվելու են պատգամավորներ Դավիթ Հարությունյանը, Վարդան Այվազյանը, Խոսրով Հարությունյանը, Արտակ Դավթյանը, իսկ ՕԵԿ-ից՝ Հովհաննես Մարգարյանը:

Ոչ կոալիցիոն ուժերից, օրինակ, ԲՀԿ-ից հանձնաժողովում ընդգրկվելու է Գուրգեն Արսենյանը եւ Միքայել Մելքումյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանն էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ նախնական որոշմամբ՝ հանձնաժողովի աշխատանքներին կմասնակցի խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, թեեւ դա կախված է մի շարք հանգամանքներից, մասնավորապես՝ երբ կձեւավորվի, կգործի հանձնաժողովը, ովքեր ներկայացված կլինեն:

ՀԱԿ-ից հանձնաժողովի աշխատանքներին կմասնակցի Արամ Մանուկյանը, իսկ ՀՅԴ-ից՝ Աղվան Վարդանյանը:

Հանձնաժողովի նախագահն է լինելու Դավիթ Հարությունյանը: Ի դեպ, «գազային հանձնաժողովի» կազմը նախնական է, պաշտոնապես այն կհրապարակվի երկուշաբթի, երբ խմբակցությունները անունները ներկայացնեն Աժ նախագահին:

Նշենք, որ գազի հարցերով խորհրդարանական հանձնաժողով ձեւավորելու անհրաժեշտություն առաջացել է դեկտեմբերի 2-ից հետո, երբ ստորագրվել էին Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ գազային պայանագրերը ու հասարակության մեջ մի շարք հարցեր էին առաջացել: Ավելի վաղ խորհրդարանական չորս խմբակցություններ առաջարկել էին ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, սակայն նախաձեռնությունը չէր ընդունվել. Դավիթ Հարությունյանը նշել էր, որ  ժամանակավոր հանձնաժողովը դիտարկելու է հարցեր, որոնք կապված են ներկայիս իրավիճակի ու գազի սպառողների շահերի պաշտպանության, գազի ջերմատվության, գազի հաշվիչների ստուգման հետ եւ այլն: Երկրորդ կարեւոր հարցը գազի պարտքին է վերաբերում: Հանձնաժողովի օրակարգում էլ լինելու նաեւ սպառողների համար գազի գնագոյացման խնդիրը: Ժամանակավոր հանձնաժողովի նիստերը ենթադրվում է անցկացնել դռնփակ ռեժիմով: