Ճանապարհային ոստիկանությունն իր բյուջեն է լցնում` տուգանելով տաքսիների վարորդներին երկրորդ գծում կանգնելու եւ ուղեւորին իջեցնելու կամ վերցնելու համար: Այս մասին այսօր` մարտի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Աքիլես ավտովարորդների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:
«Տաքսիների վարորդներն արդեն տեւական ժամանակ բողոք են բարձրացնում հետեւյալ հարցի շուրջ. քաղաքի կենտրոնական մասում, որտեղ առաջին գծին գրեթե միշտ մեքենաներ կան կանգնած, տաքսիները կանգնում են երկրորդ գոտում եւ տուգանվում հինգ հազար դրամով»,- խնդիրը ներկայացրեց Էդուարդ Հովհաննիսյանը:
Հասարակական կազմակերպությունը դիմել է Ճանապարհային ոստիկանությանը, որտեղից ստացել է հետեւյալ պատասխանը` «թող կանգնի այնտեղ, որտեղ թույլատրվում է»:
«Ուղեւորն ասում է` այստեղ կանգնիր, տաքսու վարորդն ասում է` որտեղ հարմար կլինի, կկանգնեմ: Ոստիկանությունն էլ է ասում` թող այնտեղ կագնեցնի, որտեղ թույլատրվում է օրենքով: Սա եղավ տաքսի ծառայությո՞ւն»,- տարակուսանք հայտնեց Հովհաննիսյանը:
Ավտովարորդների պաշտպանության կենտրոնն առաջարկում է Ճանապարհային ոստիկանությանը վերանայել օրենքը եւ չտուգանել տաքսիների վարորդներին:
«Մի անգամ էլ է նման բան եղել, մենք բանավոր պայմանավորվեցինք Ճանապարհային ոստիկանության հետ, որ տաքսիների վրա այս օրենքը չազդի, սակայն հիմա նորից սկսել են տուգանել»,- եզրափակեց Էդուարդ Հովհաննիսյանը:


























