«Աքիլես» ավտովարորդների պաշտպանության կենտրոնի նախագահ Էդուարդ Հովհաննիսյանն այսօր` մարտի 1-ին չի մասնակցելու 2008թ. մարտի 1-ի 10 զոհերի հիշատակին նվիրված հանրահավաքներին եւ երթերին, քանի որ «ԳԱԻ մոտ պետք է գնա»: Այս մասին այսօր` մարտի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էդուարդ Հովհաննիսյանը` պատասխանելով լրագրողներին այն հարցին, թե վերջինս որտեղ է անցկացնելու մարտի 1-ը:

«Ես այսօր գնալու եմ ԳԱԻ, ժամը 13:30-ին, նախապես պայմանավորվել եմ: Վարորդների խախտումների հետ կապված հարցեր կան քննարկելու Ճանապարհային ոստիկանության հետ»,- ասաց նա:

Լրագրողների դիտարկմանը, թե հանրահավաքներ կան, որոնք նախատեսված են երեկոյան ժամերին, Էդուարդ Հովհաննիսյանը նեղսրտեց. «Ես հիվանդ եմ, մինչեւ հասնում եմ այստեղ, շունչս կտրվում է»:

Հիշեցնենք, որ 2008թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հավաքվել էին Ազատության հրապարակում եւ պահանջում էին ընտրությունների վերանայում: Նրանք 10 օր շարունակ շուրջօրյա հանրահավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին, իսկ նույն օրը երեկոյան իշխանությունները հրազեն կիրառեցին անզեն ցուցարարների նկատմամբ, որի հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի, այդ թվում երկու ոստիկան:

Մինչ օրս 10 զոհերի համար ոչ ոք պատասխանատվություն չի կրել: