Վենեսուելայում զինվորականները վերջին ժամերի ընթացքում բողոքի ցույցերի 41 մասնակցի են կալանավորել։ Այս մասին հայտնել է նախագահի մամուլի ծառայության ղեկավար Տերեսա Մանիգլիան։
«Ազգային գվարդիայի աշխատակիցների կողմից կալանավորված 41 բողոքողների շարքում ութ արտասահմանցի կա, որոնք հետախուզվում են միջազգային ահաբեկչության համար», - գրել էր նա Twitter-ի իր էջում: Մանիգլիյան չի նշել, թե որ երկրների քաղաքացիներ են ձերբակալվածները եւ ինչ հանցագործություններ են կատարել, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Ձերբակալությունները կատարվել են Կարակասի արեւելյան Ալտամիրայի հրապարակում բռնությունների եւ խռովությունների նոր ալիքի բռնկվելուց հետո: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ բողոքի ցույցը եւ բախումները սկսվել էին փետրվարի 12-ին: Ըստ վերջին տվյալների` զոհվել է 17 մարդ, վիրավորվել` 250-ը:




























