Ոստիկանության Էրեբունու բաժնում, փետրվարի 28-ին, ժամը 00.35-ին, հաղորդում է ստացվել, որ Գաջեգործների 2-րդ փողոցի թիվ 21 հասցեում կռիվ է, որտեղից «գլխի գագաթային շրջանի կտրած վերք» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել 37-ամյա Պողոս Ս.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրը, ժամը 00.37-ին, ոստիկանություն է զանգահարել նշված հասցեի բնակչուհի, 30-ամյա Գոհար Ս.-ն եւ խնդրել, որ ոստիկաններ գան իրենց տուն:

Մեկնած օպերատիվ խումբը ժամը 02.00-ին բերման է ենթարկել 42-ամյա Սամվել Օ.-ին:

Պարզվել է, որ նա ոգելիչ խմիչք օգտագործած վիճակում մի քանի անհայտ անձանց հետ միասին վիճաբանել է Պողոս Ս.-ի, Գոհար Ս.-ի եւ 57-ամյա Արուս Ս.-ի հետ, որի ընթացքում մետաղյա ձողով եւ քարով հարվածել է նրանց` պատճառելով վնասվածքներ:

Տուժողներից ընդունվել են հաղորդումներ:

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Կատարվում է հետաքննություն: