ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փետրվարի 28-ին կայացած արտակարգ նիստի ընթացքում, ԱԽ անդամները աջակցություն են հայտնել Ուկրաինայի ինքնիշխանությանը, միասնությանը եւ տարածքային ամբողջականությանը: Այս մասին լրագրողներին հայտնել է Անվտանգության խորհրդի նախագահ, Լիտվայի մշտական ներկայացուցիչ Ռայմոնդ Մուրմոկայտեն:

Նրա խոսքով՝ Անվտանգության խորհրդի անդամները համաձայնել են, որ կարեւոր է Ուկրաինայում բոլոր «քաղաքական խաղացողների» կողմից զսպվածություն դրսեւորելը եւ կոչ են արել բոլոր կողմերի մասնակցությամբ երկխոսություն սկսել՝ հաշվի առնելով ուկրաինական հասարակության բազմազանությունը:

Միաժամանակ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Սանանթա Փաուերը առաջարկել է շտապ անկախ միջազգային միջնորդական առաքելություն ուղարկել Ղրիմ:

«Շատ կարեւոր է առաքելության արագ ուղարկելը, քանի որ ճգնաժամի սրում է նկատվում: Այդ առաքելության նպատակը Ուկրաինայի միասնության, ինքնաիշխանության եւ տարածքային ամբողջականության պահպանումն է»,-ասել է ԱՄՆ դեսպանը:
Իր հերթին, ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը լրագրողների հետ զրույցում ասել է, որ միջազգային միջնորդական առաքելություն Ղրիմ ուղարկելու գաղափարը պետք է համաձայնեցնել «Ղրիմի իշխանությունների հետ»:

Վիտալի Չուրկինը չի մեկնաբանել Ղրիմում ռուսական զինված ուժերի տեղաշարժերի մասին տեղեկությունները՝ հայտարարելով, որ ինքն ամբողջական տեղեկություններ չունի, թե ինչ է այնտեղ կատարվում:
«Մենք խնդրել ենք նիստը տեղափոխել վաղը, որպեսզի ամբողջական տեղեկություն ստանանք, բայց այդ առաջարկը չի ընդունվել»,-ասել է ռուս դեսպանը: