Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի, սպանության գործի շրջանակներում կալանավորված Տիգրան Ասատրյանը դեռ հրաժարվում է ցուցմունք տալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը՝ Վարդուհի Էլբակյանը:

Նա նշեց, որ երկու դիմում էին հասցեագրել նախաքննություն իրականացնող մարմնին, որոնցից մեկին դրական պատասխան են ստացել, իսկ մյուս դիմումի պատասխանը կլինի ավելի ուշ:

Առաջին դիմումը վերաբերում էր բերման ենթարկվելու ժամանակ Տիգրան Ասատրյանի վարած մեքենան վերադարձնելուն, քանի որ նա եղել է այդ մեքենայի ղեկին, բայց սեփականատերը հանդիսանում է մեկ այլ անձ: Այս դիմումը բավարարվել է, եւ մեքենան վերադարձրել են:

Մյուս դիմումի բովանդակությունը փաստաբանը նպատակահարմար չգտավ բարձրաձայնել՝ նշելով, որ եթե պատասխանը կլինի, այդ ժամանակ կհայտնի: Նա նաեւ նշեց, որ այդ դիմումի վերաբերյալ հավանաբար բողոքներ կներկայացնի:

Վարդուհի Էլբակյանը տեղեկացրեց նաեւ, որ այս շաբաթ քննիչին միջնորդություն կներկայացնի իր պաշտպանյալին՝ «առանձնապես ծանր հանցագործության մասին իմանալը եւ չհայտնելը» մեղադրանքը կարճելու համար:  Տիգրան Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի (հանցագործության մասին չհայտնելը) եւ 235-րդ (ապօրինի զենք, զինամթերք պահելը) հոդվածի հատկանիշներով:  «Տիգրանին մեղադրում են, թե տեղյակ է եղել, որ Իսրայելը պետք է Մովսեսին սպանի, բայց չի հայտնել: Բայց եթե Մովսեսի դիակը չկա, այսինքն՝ հայտնի չէ՝ սպանություն եղել է, թե ոչ, ինչի՞ մասին է  խոսքը»,- ասաց փաստաբանը: Նա նշեց, որ կբարձրացնեն նաեւ խափանման միջոցը փոխելու հարցը:

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին, անհայտ անձը Արամի նրբանցքի շենքերից մեկի մուտքի մոտ կրակել եւ սպանել է 41-ամյա Արթուր Սաֆարյանին (Նա հայտնի քրեական հեղինակություն «Թեւոսիկի» եղբայրն է-խմբ): Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր-օրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք-զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:

Թեւոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով ոստիկանության կողմից ձերբակալվել էր Իսրայել Սարգսյանը, ով Գոռ Վարդանյանի գլխավորած «Դուքենդո» ֆեդերացիայի անդամներից է: Ֆեդերացիայից առգրավվել էր մեծ քանակությամբ զինամթերք, ինչը պատճառաբանել են նկարահանվելիք ֆիլմերում օգտագործելու համար:

Քրեական գործով պարզվել է, որ Իսրայել Սարգսյանն իր ընկեր Մովսես Ներսիսյանին պատվիրել է կատարել Արթուր Սաֆարյանի սպանությունը: Ըստ Ոստիկանության՝ եղել են օպերատիվ տվյալներ, որ սպանությունը, հնարավոր է, կատարած լինեն Իսրայել Սարգսյանը, Մովսես Ներսիսյանը եւ Տիգրան Ասատրյանը:

Ոստիկանները փետրվարի 3-ին բերման են ենթարկել Իսրայել Սարգսյանին եւ Տիգրան Ասատրյանին, Մովսես ներսիսյանին հայտնաբերել չի հաջողվում: Անձնական խուզարկությամբ Իսրայել Սարգսյանի մոտ հայտնաբերվել է «Բերետա» տիպի ատրճանակ:

Հետագայում Իսրայել Սարգսյանը, իր կատարած հանցագործությունը թաքցնելու նպատակով Մովսես Ներսիսյանին հրավիրել է Դավիթաշենի հյուրանոցներից մեկը, որտեղ սպանել է Մովսես Ներսիսյանին, ապա ավտոմեքենայով վերջինիս դին տեղափոխել է Քանաքեռավանի դաշտ եւ նետել կոյուղու դիտահորը:

Խուզարկությամբ, Իսրայել Սարգսյանի բնակության վայրում հայտնաբերվել ու առգրավվել է ապօրինի զինամթերք: Տիգրան Ասատրյանի բնակության վայրից էլ հայտնաբերվել եւ առգրավվել են «Նագան» տիպի թմբուկավոր ատրճանակ եւ ռազմամթերք, մեծ քանակի ռազմամթերք է հայտնաբերվել նաեւ Մովսես Ներսիսյանի բնակության վայրում: