Թուրքիայում «Մեծ կաշառքի» գործով ձերբակալված եւ փետրվարի 28-ին արդեն ազատ արձակված ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբի հեռախոսազրույցի ձայնագրությունը հայտնվել է ինտերնետում։
Twitter-ի միջոցով ներկայացված հեռախոսազրույցի ձայնագրության մեջ լսվում է, թե ինչպես են Զարրաբը եւ նրա մտերիմներից Ռուչհան Բայարը խոսում իրենց գործերն առաջ տանելու համար պաշտոնյաներին կաշառելու մասին։ Հեռախոսազրույցում Բայարը նշում է, թե որոշ պաշտոնյաներ կաշառք չեն վերցնում, սակայն ինքը մտածում է նրանց 30 կամ 40 հազար դոլարանոց «Ռոլեքս» ժամացույցներ նվիրել։
Զարրաբը հավանություն է տալիս նվեր տալու առաջարկին՝ հիշեցնելով, որ իր պապն ասում էր. «Պաշտոնյային եւ մարմնավաճառին փողը պետք է կանխիկ տալ»։
Նշենք, որ Ռեզա Զարրաբը Թուրքիայում ձերբակալվել էր 2013-ի դեկտեմբերի 17-ի «Մեծ կաշառք» գործողության ժամանակ։ Էրդողանի կողմից փոխված դատավորներն ու դատախազները ամեն ինչ արեցին «Մեծ կաշառք» գործով ձերբակալվածներին ազատ արձակելու համար եւ փետրվարի 28-ին արդեն բոլորը հայտնվել են ազատության մեջ։
Ռեզա Զարրաբը մեղադրվում է միլիոնավոր դոլարների մաքսանենգության եւ խոշոր չափերով կաշառքներ տալու մեջ։




























